1945 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան B-29 «Enola Gay», ռմբակոծիչը, որն այդպես էր կոչվել անձնակազմի հրամանատարի գնդապետ Փոլ Թիբբեթսի մոր անունով (Էնոլա Գեյ Հագարդ), ճապոնական Հերոսիմա քաղաքի վրա նետեց 13-18 կիլոտոն տրոտիլի համարժեքությամբ ատոմային «Little Boy» («Փոքրիկ») ռումբը։ Երեք օր անց, 1945 թվականի օգոստոսի 9-ին «Fat Man» («Հաստլիկ») ատոմային ռումբը նետվեց Նագասակի քաղաքի վրա B-29 «Bockscar» ռմբակոծիչի հրամանատար օդաչու Չարլզ Սուինիի կողմից։ Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց Հերոսիմայում 90-166 հազար մարդ և Նագասակիում՝ 60-80 հազար մարդ։
Ճապոնիայի նկարիչներ, խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիրներ Իրի և Տոսիկո Մարուկին, ովքեր այդ ոճրագործության ականատեսներն էին և հետագայում կրեցին նրա սարսափելի հետևանքները, հետևյալ կերպ էին պատմում կատարվածը.Կուրացուցիչ կանաչագույն բռնկում, պայթյուն, գիտակցությունը ճնշված է, տաք քամու ալիք․․․ և հաջորդ վայրկյանին շուրջն ամենինչ այրվում էր․․․ փլվող տների բեկորների տակ ընկած են ուշագնաց մարդիկ, կրակի մեջ մեռնում են կանայք, կրակե օղակում մեռնում են ուշքի եկած և փրկվել ցանկացող մարդիկ․․․ մի ակնթարթ և մարդկանց վրայից թափվում է բռնկված հագուստը, ուռչում են ձեռքերն ու դեմքերը, կուրծքը, պայթում են արնագույն բշտիկները և ծվեն-ծվեն ցած են սահում մաշկի կտորները․․․ դրանք ուրվականներ են։ Վեր բարձրացրած ձեռքերը նրանք շարժվում են ամբոխով՝ օդը խլացնելով աղեկտուր ճիչերով։ Գետնին ընկած է նորածին երեխան, մայրը մեռել է, բայց ոչ ոք ուժ չունի օգնելու, բարձրացնելու։ Խլացած և այրված մարդիկ խելագարված կիտվել են ոռնացող ամբոխում և կուրորեն դես ու դեն են խփվում՝ ելք փնտրելով։
Օգոստոսի 7-ին ճապոնական կառավարությունը հայտնի ֆիզիկոս Իոշիո Նիշիուին ուղարկեց Հիրոսիմա, տեղում պարզելու համար կիրառված զենքի բնույթը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ հողը բարձր ռադիոակտիվություն ունի, և դա կասկած անգամ չթողեց, որ ատոմային ռումբ էր գցվել։
ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծությունների կրկնակի ցնցումը և ԽՍՀՄ-ի ընդդեմ Ճապոնիայի պատերազմի մեջ մտնելը 1945 թվականի օգոստոսի 9-ին խորը ազդեցություն գործեցին Ճապոնիայի պրեմիեր մինիստր Կանտարո Սուձուկիի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոգո Սիգենորիի վրա, որոնք եկան այն եզրակացության, որ Ճապոնիայի կառավարությունը պետք է վերջ տա պատերազմին[1]։
1945 թվականի օգոստոսի 15-ին Ճապոնիան հայտարարեց իր կապիտուլյացիայի մասին[2][3]։ Կապիտուլյացիայի մասին ակտը, որը ձևականորեն վերջ դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին, ստորագրվեց 1945 թվականի սեպտեմբերի 2-ին։
Ճապոնիայի կապիտուլյացիայի հարցում ատոմային ռմբակոծության դերը և բուն ռմբակոծությունների էթիկական արդարացումները մինչ օրս սուր վեճերի առարկա են։